Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

10 փաստ Դաունինգ սթրիթ 10-ի անցյալի ու ներկայի մասին

10 փաստ Դաունինգ սթրիթ 10-ի անցյալի ու ներկայի մասին
12.06.2017 | 15:37

Լոնդոնը հրապարակեց Մեծ Բրիտանիայի նոր կառավարության կազմը:
Առավել նշանակալից փոփոխությունը Դեմիան Գրինի՝ Թերեզա Մեյի ընկերոջ ու կողմնակցի առաջադրումն է կաբինետային նախարարի պաշտոնում՝ ըստ էության՝ երկրորդ մարդու կառավարության մեջ: Գրինը, որ 40 տարի ճանաչում է Թերեզա Մեյին, փոխարինել է Բեն Գամերին: Դևիդ Գոկը, որ փոխգանձապետն էր, դարձել է աշխատանքի և կենսաթոշակի նախարար: Արդարադատության նախկին նախարար Մայքլ Գոուվը, որ պաշտոնանկվեց մեկ տարի առաջ, վերադարձել է կառավարություն իբրև բնության, պարենի ու գյուղատնտեսության նախարար: Էներգետիկայի նախկին նախարար Անդրեա Լիդսոմը Համայնքների պալատը կնախագահի: Արդարադատության նախարար է դարձել Դևիդ Լիդինգտոնը՝ Լիզ Տրասի փոխարեն, որ նշանակվել է ֆինանսների փոխնախարար: Մնացած նախարարները պահպանել են պորտֆելները: Սպասվում էր, որ Թերեզա Մեյը կառավարության կազմում մեծ փոփոխություններ կանի, սակայն նրա մանևրի տարածքը սահմանափակվեց՝ պահպանողականները չստացան բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Իրենց պորտֆելները պահպանեցին ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը, արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, բրեկզիտի նախարար Դևիդ Դևիսը, պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, առողջապահության նախարար Ջերեմի Հանտը, համայնքների գործերով նախարար Սաջիդ Ջավիդը, միջազգային զարգացման նախարար Պրիտի Պատելը, տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը, բիզնեսի ու էներգետիկայի նախարար Գրեգ Կլարկը:


Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պահպանողականները մնացին խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը, սակայն 12 մանդատ կորցրին և մենակ չեն կարող կառավարություն ձևավորել: Առայժմ պարզ չէ, թե պահպանողականների ու դեմոկրատական յունիոնիստական կուսակցության համաձայնությունը ինչ ձևաչափ կունենա, երկու կուսակցություններն էլ այդ ուղղությամբ աշխատելու ցանկություն են հայտնել:
Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը ևս իր կառավարությունը ձևավորելու պատրաստակամություն է հայտնել:

BBC


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը ոչ միայն քաղաքական կյանքի կենտրոնակայանն է, այլև ազգային մշակութային ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը: Բայց միշտ չէ այդպես եղել:

1. Վարչապետի նստավայրի դուռը ոչ միշտ է սև եղել
1908-ին Բրիտանիայում երեք կարևոր իրադարձություններ եղան՝ առաջին անգամ սահմանվեց կենսաթոշակ, Լոնդոնում օլիմպիական V խաղերն անցկացվեցին, Դաունինգ սթրիթ №10 դուռը փոխեց գույնը: Վարչապետ Հերբերտ Հենրի Ասկվիտը, որ գլխավորեց կառավարությունը 1908 -1916-ին, շենք մտնելով կարգադրեց մուգ կանաչ ներկել դուռը: Ընդունված է կարծել, որ նրան այդ քայլին դրդեց երկրորդ կինը՝ Էմմա Էլիս Մարգարետ Ասկվիտը, որ բարձրաշխարհիկ հասարակության մեջ հայտնի էր իր սուր խելքով ու սուր լեզվով: Ասկվիտի հեռանալուց ու նրա գլխավորած լեյբորիստական կուսակցության պարտությունից հետո կառավարության նստավայրի դուռը վերստացավ սև գույնը:


2. 1997-ից՝ վարչապետները ինչ-որ ժամանակ ապրել են հարևանությամբ՝ Դաունինգ սթրիթ 11-ում
Սկիզբը դրեցին Թոնի Բլերը և նրա կառավարության ֆինանսների նախարար Գորդոն Բրաունը, որ պայմանավորվեցին նստավայրերը փոխանակել՝ ֆինանսների նախարարությունը՝ Դաունինգ սթրիթ №11-ը ավելի մեծ է և առավել հարմար էր Բլերի մեծ ընտանիքին՝ վեց անդամից: Երբ վարչապետ դարձավ Գորդոն Բրաունը, սկզբում շարունակեց ապրել №11-ում և միայն ժամանակ անց տեղափոխվեց իրեն հատկացված բնակարանը: Դևիդ Կեմերոնը 2010-ի ընտրություններում հաղթելուց հետո հաստատվեց №11-ում, քանի դեռ իր կառավարության ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը որոշ ժամանակ ապրում էր նրա մասնավոր տանը Նոթինգ հիլում: Թերեզա Մեյը ևս այդպես վարվեց իր ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի հետ:


3. Դռան փոստարկղը դեկորացիա է
Դուռը սև կաղնուց էր հատված, գեորգիանյան ոճով, 1735-ին, փոխեցին Իռլանդական հանրապետական բանակի զինյալների հրանոթային կրակից հետո 1991-ին, որի ժամանակ չորս վիրավոր եղավ: Նոր դուռը պողպատից է և նախկինի ճշգրիտ պատճենը: Հին դուռն այլևս Չերչիլի թանգարանում է, նրա պահպանությանն ու մաքրությանը հետևում է վարչապետի պաշտոնական հավաքարարը:


4. Դուռը չունի բանալի
Ինչպե՞ս է ստացվում, որ նստավայրի դուռը դեսպանների, նախարարների ու պատվավոր հյուրերի առաջ բացվում է հենց այն պահին, երբ նրանք մոտենում են դռանը: 24-ժամյա հսկողության տակ գտնվող դուռը բացել հնարավոր է միայն ներսից, բանալիները կորցնել հնարավոր չէ, որովհետև դուռը կողպեք չունի: Դա նստավայրի միակ մուտքը չէ, բնակիչները և աշխատակազմը, որպես կանոն, օգտվում են մյուս դռներից, որ հնարավոր է ներսից բացել:


5. Դաունինգ սթրիթում մշտապես ապրում է գլխավոր կատուն
Վարչապետի նստավայրի հին ավանդույթներից է կատու պահելը: Ամենահայտնին՝ Մյունխենցի մկնորսն էր, որ տանն ապրում էր Նևիլ Չեմբեռլենի ու ՈՒինստոն Չերչիլի օրոք: Դաունինգ սթրիթի երկարակյացը ՈՒիլբերֆորսն էր, որ ծառայեց 18 տարի՝ 1970-1998-ը: Այժմ այդ պաշտոնում Լարին է, 2011-ից նա բնակվում է Դաունինգ սթրիթում և պետական ծառայության մեջ է համարվում իբրև գլխավոր մկնորս: Ճիշտ է, ծառայության հիմնական ժամանակը Լարին քնած է, երբեմն էլ ծեծկռտուք է սարքում Փալմերստոնի հետ՝ ֆինանսների նախարարության գլխավոր մկնորսի հետ:


6. Առանձնատունը ոչ միշտ է եղել №10
Իր ժամանակակից տեսքը Դաունինգ սթիթը ստացել է 1682-1684-ին, երբ Կառլ II թագավորը հարուստ դիվանագետ և լրտես բարոն Ջորջ Դաունինգին հողակտոր ընծայեց արքայական ՈՒայթհոլ պալատի մերձակայքում: Իռլանդացի Դաունինգը մեծացել էր Ամերիկայում, Նոր Աշխարհի առաջին գաղութներից մեկում, հետո վերադարձել էր տուն, ծառայել էր Կրոմվելին ու արժանացել «չարամիտ սրիկայի» համբավի: Արքայական ընծան ստանալով՝ Ջորջ Դաունինգը ճարտարապետ
Քրիստոֆեր Ռենին հանձնարարեց փողոցի հյուսիսային կողմում 15-20 տուն կառուցել: Կառուցում էին արագ ու ոչ թանկ: Միջոցների խնայողության համար հիմքերը խոր չէին փորում: Սկզբում տները հայտնի էին իրենց նշանավոր բնակիչների տիտղոսներով: Դաունինգ սթրիթի ներկա №10 1779-ին №5 էր:


7. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տունը հրաշքով փրկվեց
Լոնդոնի զանգվածային ռմբակոծությունների ժամանակ գերմանական կործանիչները քիչ էր մնում ոչնչացնեին շենքը: 1940-ի հոկտեմբերի 14-ին ռումբը ընկավ խոհանոց և ընդունելությունների դահլիճ: ՈՒինստոն Չերչիլն այդ ժամանակ ճաշում էր Պարտեզի սենյակում: Ռմբակոծությունից հետո Չերչիլը տեղափոխվեց Նորին մեծության գանձապետարանի ստորգետնյա բունկեր, իսկ աշխատելն ու ճաշելը ամբողջ պատերազմի ընթացքում շարունակեց Դաունինգ սթրիթ №10-ում: Պատերազմի ավարտին շենքը շատ խարխուլ վիճակում էր, նույնիսկ ցանկանում էին քանդել, բայց 1950-ին վճռեցին հիմնանորոգել:


8. Իսկ ճակատը դեղին էր
Հիմնանորոգման ժամանակ պարզվեց, որ առանձնատան սև գույնը դարերով կուտակված կեղտի գույնն է, սկզբում աղյուսները եղել են դեղին: Բայց նորոգումից հետո որոշվեց պահել սև գույնը:


9. Դաունինգ սթրիթ 10-ը ոչ թե մեկ, այլ երեք առանձնատուն է
Դաունինգ սթրիթ 10-ն արտաքուստ խաբուսիկ փոքր է երևում: Համեստ ճակատամասից ներս 100 սենյակ կա, որ միմյանց կապված են միջանցքների ու նախասրահների լաբիրինթոսով: 2 հազար քառակուսի մետրանոց այգի էլ կա: Կոմս Բոտմորի մահից հետո, ում առանձնատունը №10 առանձնատան հետևում էր, նրա ունեցվածքն անցավ արքային: Գեորգ II-ը առանձնատունը նվիրեց սըր Ռոբերտ ՈՒոլպոլին, որ համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը (այն ժամանակ այդ բառը ընդունված չէր): ՈՒոլպոլը ընծան ընդունեց պայմանով, որ հետայդու այնտեղ են պարելու կառավարության բոլոր հաջորդ ղեկավարները: Առանձնատների միացման աշխատանքը հանձնարարվեց ճարտարապետ ՈՒիլյամ Քենտին, նա գործը երեք տարում կատարեց:


10. Առանձնատան վերջին մասնավոր վարձակալը միստր Չիկենն էր
Դաունինգ սթիթ №10-ի վերջին մասնավոր վարձակալը Չիկեն ազգանունն ուներ, նա ապրում էր երեք առանձնատներից մեկում: 1730-ին ՈՒոլպոլը նրան համոզեց տեղափոխվել մեկ այլ առանձնատուն նույն փողոցում:
Փաստորեն հանրային գերակա շահը միշտ է եղել, բայց, ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում ստացել է համարժեք փոխհատուցում ու ունի արժանի պատմություն: Կարո՞ղ եք հաշվել, թե քանի առանձնատուն Երևանում իր պատմությունը կարող է հաշվել չորս հարյուր տարով, և ասել, թե անգլիացիներն ինչու նոր կառավարության անդամներին ու կառավարության տան նստավայրին հավասար ուշադրություն են դարձնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 3630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ